AI-Code Battle մրցույթում հաղթել է 3 նախագիծ, որից յուրաքանչյուրը 500 000 դրամ պարգև է ստացել

21 օգոստոսի, 2023  16:31

Օգոստոսի 20-ին կայացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված AI-Code Battle մրցույթը, որում հաղթել է 3 նախագիծ, յուրաքանչյուրը 500 000 դրամ պարգև է ստացել։

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 17 անհատներ/թիմեր, որոնք արհեստական բանականությամբ աշխատող գործիքների օգնությամբ մշակել էին նորարարական լուծումներ։ Մինչ լուծումների դեմո տարբերակները ներկայացնելը՝ հետաքրքրված անձինք մասնակցել են աշխատարանին, գործնականում սովորել արհեստական բանականության հիմքով գործիքների կիրառման եղանակները, իսկ օգոստոսի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մրցույթի մասնակիցները ներկայացրել են իրենց մշակած նախագծերը՝ ցույց տալով, թե նախագծի իրականացման համար արհեստական բանականությամբ աշխատող ինչ գործիք են կիրառել և ինչ արդյունք են ստացել։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրին գնահատման արդյունքում ընտրել է 3 նախանշված անվանակարգերում հաղթող նախագծերը։ AI Code Battle-ում հաղթող ճանաչված 3 նախագծերն են՝

  • «stAIIlist» թիմ՝ «Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագիծ» անվանակարգում։
  • «PPlot» թիմ՝«Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագիծ» անվանակարգում։
  • «Signhub» թիմ՝ «Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագիծ/մոդել» անվանակարգում։

Հաղթող նախագծերի հեղինակներն ստացել են դրամական պարգևներ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար 500 000 ՀՀ դրամի չափով։

AI code battle 2.jpeg (687 KB)

Մրցույթի հիմնական նպատակն էր զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը և խթանել արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ու լուծումների կիրառությունը։ Մրցույթին կարող էին դիմել և՛ անհատապես, և՛ թիմերով, սակայն անհատը կամ թիմի անդամներից առնվազն մեկը պետք է լիներ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի որևէ դասընթացի մասնակից։

AI-Code battle-ը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։ «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։


 
 
 
 
  • Արխիվ